7,1 մլրդ դրամ. «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի
Պետական գույքի կառավարման կոմիտեն Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրել է աճուրդի:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից Tert.am-ը տեղեկանում է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 21-ին Տիգրան մեծի 4 հասցեում:
Նշվում է, որ վաճառվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի թիվ 1665-Ա որոշմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող շենք-շինությունները, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը:
Աճուրդի մեկնարկային գինը 7,150,134,910 դրամ է:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 26-ի Կառավարության նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց էր Հայաստանի Հանրապետությանը։
Նշենք, որ որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։ Հյուրանոցը պատկանել է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։










