Հուբեյ նահանգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 52 000-ի
Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 116 մարդ: Ավելի վաղ նշվում էր 1310 մահացածի մասին: Տեղեկացնում է TACC գործակալությունը` հղում անելով Global Times-ին:
Նշվում է, որ մեկ օրվա կտրվածքով նոր տեսակի վիրուսով վարակվել է 4 800 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 986-ի: Բժշկական հաստատություններից դուրս է գրվել 690 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










