Նախարար Սուրեն Պապիկյանը, ով այժմ նաև սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն է, իր կենսագրությունը սրբագրել է և թաքցրել դատվածության փաստը. Hraparak.am-ը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Հոդվածում ասվում է` Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Աղբյուրի տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։
«Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից»։
Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․ «Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011 թվականներին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:
Աղբյուրը փորձել է պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասել է, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերն ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարց է ուղղվել, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը լռել է, ապա գրել, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս տեղեկատվությանը: Նրա գրառումը ներկայացնում են ստորև.
«Վաղն ուղիղ եթերում կխոսեմ ժամեր առաջ hraparak.am-ում իմ կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակմանը»,- գրել է նա:










