Պուտինն ու Զելենսկին քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորումը

21:00 • 14.02.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կողմերը քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

ՌԴ նախագահը խոսակցության ընթացքում ընդգծել է Նորմանդական ձևաչափով  համաժողովներին ընդունված Մինսկի համաձայնագրերի որոշումների փաթեթի իրականացման կարևորությունը:

«Կապված ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչների արտահայտած հայտնի մտքերի հետ Վլադիմիր Պուտինը ուղիղ հարց է դրել. մտադի՞ր է արդյոք Կիևն իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նախագահները նաև բարձրացրել են հրադադարի ռեժիմի պահպանման և տարածքի ականազերծման հարցերը: