«Մոռացի՛ր Կադիրովի մասին, թե չէ վերջդ եկել է». Կադիրովի մասին հոդվածներ գրող լրագրողը սպանության սպառնալիքով նամակ է ստացել
Ռուսական «Նովայա գազետա» թերթի խմբագրության էլեկտրոնային փոստին նամակ է ստացվել թերթի լրագրող Ելենա Միլաշինային ուղղված սպանության սպառնալիքով, որը պարբերաբար հոդվածներ է գրում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մասին: Թերթը նամակից մեջբերումներ է ներկայացրել, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ փոստային հասցեն գրանցված է Mail.ru-ում Աննա Իկոննիկովայի անունով: Նման անունով կինը «ВКонтакте» սոցցանցում «Подвал Кадырова» խմբի ադմինիստրատորն է:
Նամակն ուղարկելուց առաջ սպառնալիքներ են հրապարակվել նաև այդ խմբում: «Մոռացի՛ր Ռամզան Կադիրովի և ընդհանրապես Չեչնիայի մասին: Թե չէ վերջդ եկել է: Եվ մենք կիրականացնենք մահվան դատավճիռը քո նկատմամբ»,- ասվում է նամակում:
Միլաշինայի և փաստաբան Մարինա Դուբրովինայի վրա հարձակում էին գործել փետրվարի 7-ին Գրոզնիում: Անհայտ տղամարդիկ ու կանայք ծեծել էին նրանց ձեռքերով և ոտքերով` այդ ամենը տեսանկարելով:










