Բանակում տեղի ունեցող ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի. մեղավորները խստագույնս պատժվելու են. Ալեն Սիմոնյանը զրուցել է Դավիթ Տոնոյանի հետ

15:58 • 15.02.20

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ բանակում տեղի ունեցած հերթական մահացության դեպքի առթիվ զրուցել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Սիմոնյանը մասնավորապես նշել է, որ զինծառայողի մահվան մեղավորները խստագույն կերպով պատժվելու են: Գրառումն ամբողջությամբ՝ստորև.

«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պ նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:

Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:

Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին», ասված է գրառման մեջ: