Հրամանատարը, ՊՆ նախարարը գլխով են պատասխանատու յուրաքանչյուր զինվորի համար, բայց պատասխանատվության զգացողություն չկա․ Ժաննա Ալեքանյան (տեսանյութ)
Անիմաստ եմ համարում ղեկավարությանն առաջարկներ անել, նրանք պետք է մեզ առաջարկներ անեն, թե ինչ մեխանիզմներ են մտածում, որպեսզի մեր զինվորները չզոհվեն բանակում։ Այս մասին այսօր հանրային լայն քննարկման ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան։
Նա նշեց, որ քննարկումը կազմակերպվել է վերջին շրջանում բանակում զինծառայողների մահվան դեպքերի թվի ավելացման խնդիրը հասկանալու համար․ ցանկանում են հասկանալ, թե հանրությունն ինչ ձևով կարող է ներգրավվել և վերահսկողության տակ առնել բանակը։
«Հերթական զոհը բանակում, երկու շաբաթվա ընթացքում ութերորդ զոհը հանրությանը բերել է փողոց։ Բանակը փակ է, և հանրությանը որևէ բացատրություն չեն տալիս, որը պարտավոր են անել։ Ամեն տղայի կյանքի համար պետությունը պատասխանատու է, բայց մենք տեսնում ենք, որ ամեն օր նոր դեպքեր են, և ոչ մի բացատրություն չի հետևում»,- ասաց նա։
«Բոլորս պետք է մասնակցենք բանակը փոխելու և այդ կրիմինալ բարքերը այնտեղից արմատախիլ անելու գործընթացին։ Մենք ակնկալում էինք, որ այս քննարկմանը պատգամավորներ կմասնակցեին։ Ղեկավարությունը պարտավոր է բացատրություն տալ և կանխարգելիչ միջոցառումների մասին խոսել»,- նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանի խոսքով՝ մինչև օրս նույնիսկ ՊՆ-ն հանրության առաջ բացատրություն չի տվել, թե ինչպես են այսքան զոհեր լինում։ «Հրամանատարը, ՊՆ նախարարը գլխով են պատասխանատու յուրաքանչյուր զինվորի համար, բայց, ցավոք սրտի, պատասխանատվության զգացողություն չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում










