Չինաստանում նշել են կորոնավիրուսի ամենահավանական «տարածողին»

14:50 • 15.02.20

Կորոնավիրուսի նոր տեսակի ամենահավանական սկզբնաղբյուրն ու տարածողը չղջիկներն են: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության տարածած հայտարարությանը:

Մասնավորապես, նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության ղեկավար Ու Յուանբինը եզրակացրել է, որ հենց այդ կենդանիներն են տարածում վիրուսով պայմանավորված թոքաբորբը:

Նշվում է նաև, որ նոր կորոնավիրուսը 90%-ով նման է Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին:

Ավելի վաղ նշվել է նաև, որ որոշ մարդիկ կորոնավիրուսով վարակվել են սննդի մեջ վայրի կենդանիների միս օգտագործելու պատճառով: Կա նաև վարկած, որ կորոնավիրուսի բռնկման պատճառ կարող է լինել Ուհանի էկզոտիկ կենդանիների շուկան: