Սպիտակ տունը բացատրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառը

10:14 • 15.02.20

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրառման մեջ:

«Նախագահը նախորդ ամիսների ընթացքում Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների` մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի և շահերի վրա հարձակումներին ի պատասխան է նման հրաման տվել»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սոլեյմանին երկրի դեսպանատների վրա հարձակումներ է նախապատրաստում:   

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: