Ղազախստանի հարավում օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 185 մարդ (լուսանկար)
Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլի մարզում փետրվարի 7-8-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 185 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով մարզային իշխանությունների մամուլի ծառայության հայտարարությանը:
Ավելի վաղ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 170 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում ոստիկանության կողմից երթևեկության կանոնները խախտած մեքենայի վարորդին հետապնդելն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, անկարգություններով և կրակոցներով:
Վերջին տեղեկությունների համաձայն` զոհվել է 11 մարդ, ձերբակալվել է անկարգությունների մասնակից առնվազն 50 մարդ: Հրկիզման պատճառով վնասվել են տասնյակ բնակելի տներ, առևտրի օբյեկտներ և ավտոմեքենաներ:
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կատարվածն անվանել է տեղացի բնակիչների միջև առաջացած կոնֆլիկտ, որից սադրիչներն են օգտվել։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, բախումները տեղի են ունեցել տեղացի բնակիչների և ոստիկանության միջև։ Ոստիկանության տարածքային բաժանմունքի մամուլի ծառայությունից հայտարարել են «վարչական իրավախախտման համար ձերբակալված վարորդի հարազատների միջև» տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։
Նշվում է, որ իրավապահները հետապնդել են օրինազանցին, որը կանգ է առել իր տան մոտ։ Վերջինիս հարազատները ոստիկանությանը դիմադրություն են ցուցաբերել և քարեր նետել նրանց մեքենաների վրա։ Ոստիկանության աշխատակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Երկրի նախագահ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով ու պարզել կատարվածի բոլոր պատճառները:













