Ռեգբիի խաղի ժամանակ թոռանն աջակցելու եկած տատիկը մահացել է գնդակի հարվածից
Բրիտանական Տոնտոն քաղաքի բնակչուհին եկել է աջակցելու իր թոռանը ռեգբիի խաղի ժամանակ և մահացել գնդակով գլխին ստացած հարվածի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է The Mirror պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ 69-ամյա Ջեննիֆեր Սելվուդը հունվարի կեսերին հետևում էր իր թոռան` Էլլիսի խաղին, որը ռեգբի է խաղում պատանեկան թիմում: Տատիկը ասել է թոռանը, որ պատրաստվում է գնալ, բայց ի վերջո որոշել է ևս 5 րոպե հետևել խաղին: Խաղի ինչ-որ պահի խաղացողներից մեկի հարվածի հետևանքով գնդակը դիպչել է կնոջ գլխին:
Տարածքում գտնվող մարդիկ փորձել են օգնել Սելվուդին, բժիշկներ են կանչել: Բրիտանուհուն հոսպիտալացրել են ուղեղի ցնցումով: Ավելի ուշ, ծանր վիճակի պատճառով նրան տեղափոխել են Բրիստոլի հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է գտնվել շուրջ 2 շաբաթ:
Չնայած բժիշկների ջանքերին՝ հունվարի 25-ին կինը մահացել է:
Բժիշկները տեղեկացրել են, որ մահվան պատճառը եղել է երկրորդական ապլաստիկ սակավարյունությամբ ուղեկցվող գանգուղեղային վնասվածքը, որը դժվարացրել է արյան շրջանառությունը:










