Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար

13:27 • 15.02.20

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով:

«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:

Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում էր 168.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ։ Կայքին հասած տեղեկություններով` Հայկ Սարգսյանը պատրաստվում է մեկնել երկրից։

Վերոնշյալ տեղեկությունից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով երեկ մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: