Սիրիական զորքերը վերահսկողություն են հաստատել Հալեպի երեք արվարձանային շրջաններում՝ դուրս մղելով գրոհայիններին
Սիրիական բանակի զինվորները և Ազգային ինքնապաշտպանական ուժերի ջոկատները շաբաթ ներխուժել են Հալեպի արևմուտքում գտնվող երեք արվարձանային շրջաններ, որոնք ավազակախմբերի վերահսկողության տակ էին գտնվում 2012 թվականից:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, այդ շրջաններից գրոհայինները ռմբակոծության էին ենթարկում կառավարական ուժերի պաշտպանության տակ գտնվող քաղաքային թաղամասերը: Քաղաքի արևմտյան և հարավային շրջաններն ահաբեկիչներից ազատելուց հետո սիրիացի զինծառայողներին հաջողվել է չեզոքացնել այդ շրջաններից եկող սպառնալիքը խաղաղ բնակչությանը:
Սիրիական կառավարական ուժերն այս շաբաթ զգալիորեն ընդլայնել են իրենց վերահսկողության տարածքները Հալեպի արվարձանային շրջաններում, որոնք տեղակայված են Դամասկոս-Հալեպ ռազմավարական նշանակության մայրուղու երկու կողմերում:










