Թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա` Իդլիբի հարցով բանակցություններ վարելու

17:43 • 15.02.20

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա` շարունակելու սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Այսօր մենք բանակցություններ կանցկացնենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկուշաբթի թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհով լուծել Իդլիբի խնդիրը: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, կարվեն անհրաժեշտ քայլեր»,-ասել է Չավուշօղլուն:

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար: Նա նաև սպառնացել էր գրոհել սիրիական կառավարական զորքերը նույնիսկ դեէսկալացիոն գոտու սահմաններից այն կողմ, եթե նրանք հարձակողական գործողություններ կատարեն: