Կանադան, Ուկրաինան և ևս 3 երկիր պահանջում են, որ Իրանն անհապաղ փոխհատուցի Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

01:05 • 16.02.20

Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Ուկրաինայի իշխանություններն Իրանից պահանջում են անհապաղ փոխհատուցել Թեհրանի երկնքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին: Այս մասին շաբաթ Մյունխենում լրագրողներին հայտնել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը, գրում է ТАСС-ը: 

«Մենք պնդում ենք, որ Իրանը միջազգային չափանիշներին համապատասխան շտապ փոխհատուցում տրամադրի զոհվածների ընտանիքներին»,- նախարարի խոսքերը ցիտում է CBC հեռուստաալիքը: Նախարարի խոսքերով՝ փոխհատուցման չափը պետք է բոլորի համար հավասար լինի: Իսկ տրամադրման գործընթացը պետք է սկսվի «որքան հնարավոր է արագ»:

«Մենք Իրանին կդատենք իր գործողություններին, այլ ոչ թե հայտարարություններին համապատասխան»,- ընդգծել է նախարարը: Շամպանը շարունակել է, որ Մյունխենի անվտանգության խորհրդրի համաժողովի ընթացքում նշված երկրների արտգործնախարարները հանդիպել են Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ և նրան փոխանցել այդ պահանջները:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում ավելի ուշ  հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: