ԱՄՆ-ում ռեստորանի աշխատակիցները լոգանք են ընդունել սպասքի համար նախատեսված լվացարանում և կորցրել աշխատանքը (տեսանյութ)

04:17 • 16.02.20

ԱՄՆ Միչիգան նահանգի ռեստորաններից մեկում միանգամից մի քանի աշխատակից է աշխատանքից ազատվել այն բանից հետո, երբ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են հերթափոխից հետո ռեստորանի տղամարդ աշխատակիցները լոգանք ընդունում սպասքի համար նախատեսված լվացարանում, հայտնում է ClickOnDetroit.com-ը:

Տեսանյութում երևում է, որ լվացարանը լցված է լոգանքի փրփուրներով, աշխատակիցներից մեկը լոգանք է ընդունում, իսկ երբ մեկ այլ տղամարդ իրեն է մոտենում, սկսում են անկաշկանդ զրուցել: Այդ ժամանակ ականատեսը որոշում է լուսանկարել տեղի ունեցողը այժմ բավական տարածված Tik Tok հավելվածում հրապարակելու համար: Ավելի ուշ կադրերը հրապարակվում են նաև Facebook-ում:

Ռեստորանի տերը հայտնել է, որ տեղի ունեցածը չի համապատասխանում անվտանգության իրենց ստանդարտներին: Աշխատակիցներն անմիջապես աշխատանքից ազատվել են, իսկ ռեստորանն ախտահանվել է: Նա նաև նշել է, որ դեպքից հետո հաստատություն է այցելել ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի աշխատակիցը: