Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում. Էրդողանը սպառնացել է ռազմական պատասխանով

02:11 • 16.02.20

Սիրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է al-Mayadeen հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով:

Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում:

«Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը:

Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք:

Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը: