Չարժե «ֆեյք նյուզի» դեմ պայքարել. այս խնդիրը Հայաստանում շահարկվում է՝ քողարկելու համար իրական նպատակները. Արմեն Մինասյան (տեսանյութ)

17:44 • 17.02.20

Որոշակի պրոցեսներից հետո ահագնանալու են հետապնդումներն ազատ խոսքի և մամուլի նկատմամբ: Այս մասին այսօր «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ հանրաքվեից հետո հետապնդումներն ու ճնշումներն ավելի խորանան ԶԼՄ-ների նկատմամբ:

«Իրավիճակը հետևյալն է. կան խնդիրներ, որոնք կապված են բուն հայաստանյան սոցիալ-քաղաքական պրոցեսների հետ և կան խնդիրներ, որոնք գլոբալ թրենդների մեջ են տեղավորվում: Գլոբալ խնդիրներից կառանձնացնեմ երկու մեծ խումբ: Առաջինը հայտնի ֆեյք նյուզն է: Այսօր միայն ՀՀ-ում չէ խնդիրը քննարկվում, որքան էլ տարօրինակ է, խնդրի լուծումները հանգեցնում են խոսքի ազատության սահմանափակման: Անձամբ ես չեմ կարծում, որ ֆեյք նյուզի դեմ պետք է պայքարել, ֆեյք նյուզը մարդկությանն ամբողջ պատմության ընթացքում ուղեկցել է, այսօր պարզապես ֆեյք նյուզ արտադրողներն են շատացել և բավականին նյարդայնացնում են հասարակական-քաղաքական պրոցեսների մասնակիցներին: Չարժե դրա դեմ պայքարել, և հատկապես Հայաստանը չպետք է գնացքից առաջ կանգի և ինքնուրույն լուծումներ փնտրի այստեղ: Կարելի է որոշ ժամանակ սպասել, տեսնել փորձառու հատվածը ինչպիսի լուծումների է գնում, փորձել ադապտացնել այդ լուծումներն այստեղ: Ես կարծում եմ՝ այս խնդիրը Հայաստանում ավելի շատ շահարկվում է՝ քողարկելու համար իրական նպատակները»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում լինում են հակառակ տեսակետ ունեցողներին լռեցնելու փորձեր, կազմվում են անցանկալի լրատվամիջոցների ցուցակներ, տարածվում են անցանկալի էքսպերտների կամ քաղաքական գործիչների անունները: Նա նաև ընդգծեց, որ սա միայն Հայաստանում չէ, Միացյալ նահանգներում ևս կա:

Նրա խոսքով՝ որևէ մեկի համար այլևս նորություն չէ, որ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներ կան և այդ ճնշումները լինում են հարձակումների ձևով, տարատեսակ առիթներով քրգործերի, քաշքշուկների ձևով, երբեմն՝ խրախուսանքների ձևով. «Որևէ մեկը դեռ չի ուսումնասիրել, թե հանրային միջոցներն ինչպես են բաշխվում մեդիա ոլորտում և «սևերը» որքան են օգտվում այդ միջոցներից, իսկ դա մահակի և բլիթի հավասար հնարավորությունների 50 տոկոսն է: Այսօր չկա հասարակական բանավեճ: Ոչ միայն դիալոգ չկա մեդիայի ներսում, այլ առհասարակ հասարակության մեջ դիալոգ չկա: Ես ինքս ունեմ հեղինակային հաղորդում, համարում եմ՝ որևէ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, բայց ինձ համար դժվար է գտնել փորձագետներ, գործիչներ ամենատարբեր ճամբարներից, որովհետև այդ մարդիկ չգիտեն իրենց ինչ հարց պետք է տան, հետո իրենց ճամբարում իրենց ինչի մեջ կմեղադրեն, այս առումով մամուլի գործողությունը բավականին դժվարացել է»,- նշեց նա:

Մինասյանն ընդգծեց, որ այսօր ոչ միայն հեռուստատեսության, այլև լրագրողի վիճակն է վատ. «Ես գիտեմ որոշակի դեպքեր, երբ լրագրողները դուրս են եկել խմբագրությունից, որովհետև խմբագրությունն իրենց առաջ դնում է որոշակի նորմեր, որոնց իրենք չեն կարող հարմարվել՝ մրցակցությունից ելնելով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: