Մենք հոգեբուժարան չենք, այլ հոգեկան առողջության բաժանմունք ենք և չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս քաղաքականությունն իրականացվում․ «Արթմեդ» ԲԿ-ի Սթրես կենտրոնի վարիչը՝ պետպատվերը հանելու մասին

21:43 • 17.02.20

Պայմանագիրը կնքելիս եմ տեղեկացել, որ «Արթմեդ» ԲԿ-ի Սթրես կենտրոնի պետպատվերի համապատասխան կետը չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արթմեդ» ԲԿ տնօրեն Արթուր Աբգարյանը՝ անդրադառնալով բժշկական կենտրոնի Հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների (Սթրես կենտրոնի) բաժանմունքին պետպատվեր չհատկացնելուն։ Տնօրենը նշեց, որ կենտրոնի պետպատվերը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տրամադրել, սակայն այն հիմա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարություն։

«Երբ տեսա, որ Սթրես կենտրոնի պայմանագիրը դուրս է եկել, ես Առողջապահության նախարարության հետ խոսեցի, քննարկեցի, իրենք ասացին՝ չի հատկացվել և հավանական է, որ չի էլ հատկացվելու»,- ասաց տնօրենը և հավելեց, որ նախորդ տարի մոտ 300 պետպատվեր է եղել և դրանից ավելի մեծ թվով էլ վճարովի է իրականացվել, սակայն այսօր արդեն մոտ 40 հիվանդ կա։

Նա նշեց, որ այս տարի, համեմատած մյուս տարիների հետ, բուժման վճարն ավելացել է․ «Եթե պետպատվերը չկա, չենք կարող մեր բաժանմունքը փակել, լիցենզավորված հիմնարկ է»,- նշեց տնօրենն ու հավելեց, որ սպասում են Առողջապահության նախարարության պատասխանին։

«Նրանք մեկ-մեկ իրենց որոշումները վերանայում են։ Հույս ունեմ, որ առաջին եռամսյակից հետո՝ մարտի վերջ որոշակի փոփոխություններ կլինեն»,- նշեց Ավագյանը։

Հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների (Սթրես կենտրոնի)  բաժանմունքի վարիչ Սամվել Սուքիասյանն էլ հավելեց, որ կան նրբություններ, որոնք Առողջապահության նախարարությունը չի հասկանում․ «Մենք հոգեբուժարան չենք, մենք հոգեկան առողջության բաժանմունք ենք, և այն մարդիկ, որոնք այստեղ բուժվում են, բժշկական աջակցություն են ստանում, Առողջապահության նախարարության կողմից ուղղորդվում են հոգեբուժարան»,- ասաց նա։

Ըստ բաժանմունքի վարիչի՝ անհասկանալի է, երբ նման մեծ գործառույթ իրականացնող բաժանմունքում պետպատվեր չի տրամադրվում, նրա խոսքով՝ պետպատվերները տրամադրվում են միայն հոգեբուժական կենտրոններին, և հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող կենտրոններն ուղղակի անտեսվում են։

«Մեկ կարևոր բան էլ կա․ պետությունը վերականգնողական ծրագիր տրամադրում է միայն մարմնական, սոմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման համար, բայց հոգեկան հիվանդություններ ունեցողներին չի տալիս։ Ի՞նչ տարբերություն, նրանք իրավունք ունեն բուժվելու, իսկ այս մարդիկ չունե՞ն։ Պետությունն այս մարդկանց պետպատվերն իրականացնելու հնարավորություն չի տալիս։ Ո՞նց բուժվեն այս մարդիկ։ Դրա համար այսպես խառնվել են։ Ո՞ւր գնանք, մենք հոգեբուժարան չենք գնա։ Պահանջը լրիվ տեղին է, բայց ինչու է այս քաղաքականությունն իրականացվում, չեմ հասկանում»,- ասաց Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ այսօր մի քանի քաղաքացիներ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում առ այն, որ «Արթմեդ» ԲԿ-ի Սթրես կենտրոնի բաժանմունքում այլևս չեն կարող պետպատվերից օգտվել, քանի որ պետպատվեր չի տրամադրվելու։ Քաղաքացիները փորձել են Առողջապահության նախարարությունից խնդրի պարզաբանում ստանալ, սակայն նախարարությունից պատասխանել են, որ այլևս չզանգեն։