Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված հայուհին 14-օրյա կարանտինից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված 83 ղազախստանցիները և արտասահմանցիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը, 14 օրվա կարանտինից հետո դուրս են գրվել Նուր Սուլթանի հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Казинформ գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի մայրաքաղաքի գլխավոր ինֆեկցիոնիստին:
«Փետրվարի 2-ին մեզ մոտ են բերել Ուհան քաղաքում սովորող ուսանողների: Նրանց թվում են Բելառուսի հինգ և Հայաստանի մեկ քաղաքացի, մյուսները Ղազախստանի քաղաքացիներ են: Նրանք մեզ մոտ 14-օրյա կարանտին են անցել: Այդ ընթացքում մենք մի շարք հետազոտություններ ենք կատարել կորոնավիրուսի վարակը բացառելու նպատակով: Բացասական արդյունքներ են ստացվել: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Բավարար վիճակում այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից և մեկնել տուն»,- ասել է ղազախ մասնագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանի՝ Ղազախստան տեղափոխման մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը:










