Շատ անսպասելի հարց էր. բյուջե մուտքերն արտացոլվում են ըստ կարգավորումների. Ատոմ Ջանջուղազյանը՝ բյուջե վերականգնվող գումարների ապացույցների մասին (տեսանյութ)
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որն է ապացույցը, որ պետության պատճառված վնասը փոխհատուցվում է, օրինակ՝ ՀՔԾ-ն հայտնել է, որ 11 ամիսների ընթացքում կարճված քրեական գործերով պետությանը հասցվել էր 2 միլիարդից ավելի վնաս, ինչպե՞ս կարող ենք տեղեկություն ստանալ այս մասին, ասաց, որ շատ անսպասելի հարց էր, որովհետև բյուջեում արտացոլվում են մուտքերը ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է:
«Դա նշանակում է, որ հարկերը հաշվառվում են հարկային եկամուտների հաշիվներում, դրա վերաբերյալ տեղեկատվությունը դառնում է հրապարակային և հաշվետվություններ են հրապարակվում, այլ եկամուտների մասով դրանք հաշվառվում են որպես այլ եկամուտներ իրենց համապատասխան հաշիվներում, իսկ օգտագործումը տեղի է ունենում բյուջեում նախատեսված ծախսային ծրագրերի համար: Բյուջեում կարող են փոփոխություններ տեղի ունենալ նաև Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում, հետևաբար այդ բոլորն իրենց արտացոլումը գտնում են»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ քրեական գործի շրջանակում, եթե պարզվել է, որ պակաս հարկ է վճարել և այդ տարբերությունը վճարվել է, «ապա դա համալրել է հարկային համապատասխան եկամտի հաշիվը և այդ մասին էլ կարելի է իմանալ հարկային եկամուտների հաշիվներին հաշվառված չափերի վերաբերյալ դատողություններ անելով»:
Դիտարկմանը՝ երեկ հայտնի դարձավ, որ Վաչագան Ղազարյանի քրեական գործը կարճվել է, նա պետք է 3 մլրդ դրամի փոխհատուցում աներ պետությանը, այդ գումարը փոխհատուցվե՞լ է, Ջանջուղազյանն ասաց. «Ես պետք է հիասթափեցնեմ Ձեզ, եթե կարծում եք, որ պետական բյուջե միլիոնավոր վճարումների վերաբերյալ ես հիմա Ձեզ պատրաստ եմ տեղեկատվություն տալ: Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է ձևակերպված՝ արդյոք չվճարված հա՞րկ է, թե՞ վնասի վերականգնում է»:
Դիտարկմանը, որ վնասի վերականգնում է, Ջանջուղազյանն ասաց, որ դրա մասին տեղեկություն չի կարող տալ, որովհետև չի տիրապետում և չի կարող տիրապետել միլիոնավոր գործարքների վերաբերյալ, նաև նշվածի վերաբերյալ ինֆորմացիայի: «Չգիտեմ նաև՝ արդյո՞ք այդ 3 միլիարդը փոխհատուցվելու է մեկ փոխանցումով, թե 30»,- նշեց նա:










