Ալբանիան նախորդ տարի տեղի ունեցած երկրաշարժից հետո վերականգնման համար 1 միլիարդ եվրո կստանա
Բրյուսելում միջազգային դոնորական համաժողովի մասնակիցներն ավելի քան 1 միլիարդ եվրո են հավաքել Ալբանիայում նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, երկուշաբթի հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ վկայակոչելով Բրյուսելի անցկացված համաժողովի արդյունքները:
«Լավ լուրեր՝ Ալբանիայի ժողովրդի համար. մենք գերազանցել ենք Ալբանիայի վերականգնման համար մեր թիրախային ցուցանիշը և հասել ենք 1,15 միլիարդ եվրոյի, այդ թվում Եվրամիության՝ 400 միլիոն եվրոյի չափով ներդրումը»,- ասել է նա:
Երկուշաբթի Բրյուսելում կայացավ Ալբանիայի համար նախատեսված միջազգային դոնորական համաժողովը, որին մասնակցում էին ԵՄ անդամ պետությունները, Արևմտյան Բալկանների երկրները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները՝ ներառյալ ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը:










