Դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու՝ դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը
Դատախազությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու՝ դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ա. Բաբլոյանին և Ա. Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-մանրամասնեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը առարկություն էր ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ:
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար
«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արս. Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները»։










