Ուհանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավարը
Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնը, մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավար Լյու Չժիմինը:
Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով չինական աղբյուրին:
«COVID19-ով վարակված, Ուչան հոսպիտալի տնօրեն Լյու Չժիմինը մահացել է փետրվարի 17-ին: Նա բժշկական հաստատության առաջին ղեկավարն է, որը մահացել է կորոնավիրուսի հետևանքով»,- գրում են չինական լրատվամիջոցները:
Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1770 մարդ, նրանցից 1696-ը՝ Հուբեյ նահանգում: Ընդ որում՝ հիվանդանոցներում են 58 հազար մարդիկ, նրանցից 8 հազարը ծանր վիճակում են, իսկ ավելի քան 1700-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի քան 6.5 հազար վարակված բուժվել է: Փորձագետները վստահեցնում են, որ համաճարակի գագաթնակետն արդեն անցել է:










