Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հուղարկավորությունից մեկ ամիս էլ չանցած անհայտ անձինք պղծել են «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Այս մասին իր Facebook-ի էջում տեղեկացրել է Թուրքիայի Միլլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Վանդալները հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ամրացված ժամանակավոր խաչը հանել են և այրել:
Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության բաժին բողոք է ներկայացրել հանգուցյալի այրին, սկսվել է հետաքննություն:
Քրիստոնյաների նկատմամբ սա առաջին նմանատիպ գործողությունը չէ: Նույն անձի թաղման ժամանակ եկեղեցուց ոչ հեռու գտնվող գերեզմանատուն է եկել դիմակավորված մի անձ ու փորձել է խլել խաչը, ինչը նրան չի հաջողվել: Դրանից հետո հուղարկավորության ժամանակ գերեզմանատանը հայտնվել է մարդկանց մի խումբ, որը բարձրաձայն գոռացել է «Ալլահ աքբար» և սկսել է մահմեդական աղոթք արտաբերել:
Դեպքերի կապակցությամբ 2 հարցադիմում է ուղարկվել Թուրքիայի խորհրդարանին և ներքին գործերի նախարարին: Առաջին հարցադիմումը ուղարկել է քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Թումա Չելիքը, երկրորդը` նույն կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Մասնավորապես հայազգի պատգամավորը ներքին գործերի նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք նախարարությունը իրականացրել է հետաքննություն հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ, և առհասարակ քրիստոնյաների գերեզմանների վրա տեղի ունեցած հարձակումների մեղավորներ երբևէ հայտնաբերվել և պատժվել են, թե ոչ:










