Հնդկաստանում ճեպընթացներից մեկում հատուկ տեղ է առանձնացվել Շիվա աստծո համար
Հնդկաստանում երկաթուղային ընկերության իշխանությունները գնացքի վագոններից մեկում հատուկ քնելու տեղ են հատկացրել Շիվա (սանսկրիտից թարգմանբար՝ «բարեգութ») աստծո համար, որը հինդուիզմում տիեզերքի ավերման և վերակերպման մարմնացումն է:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ճեպընթացի համար պատասխանատու պաշտոնյաները աստվածության համար մահճակալ են առանձնացրել երկրորդ կարգի, օդորակման համակարգ ունեցող սրահի վերին հատվածում:
Նշվում է, որ գնացքն ուխտավորներին տանում է Շիվա աստծուն նվիրված սրբատեղիներ:
Սոցցանցի օգտատերերից ոմանք հետաքրքրվել են, թե ինչո՞ւ Շիվա աստծո համար տեղ չի ամրագրվել առաջին կարգում կամ ինչո՞ւ նրան չի հատկացվել ամբողջ կուպեն: Մյուսներն էլ կատակել են՝ ասելով, որ մինչ այլ երկրներում գնացքները համալրում են նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով, Հնդկաստանի երկաթգիծը նախընտրում է ծառայությունների որակը բարելավել՝ այնտեղ պահելով Շիվային:










