Պեկինում 6 օրում պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան կկառուցվի

11:42 • 18.02.20

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պաշտպանիչ դիմակների ահռելի պահանջարկը բավարարելու նպատակով Պեկինի արտադրական շինություններից մեկը կվերածվի դիմակների պատրաստման նոր գործարանի, հայտնում է chinanews.net կայքը՝ մանրամասնելով, որ ողջ գործընթացը կտևի վեց օր: 

Նշվում է, որ գործարանը, որի կառուցմամբ զբաղվում է China Construction First Group ընկերությունը, օրական 250 000 դիմակ կարտադրի:

Շենքի վերակառուցման աշխատանքները երկուշաբթի օրն են սկսվել, և սպասվում է, որ ավարտին կհասցվեն արդեն շաբաթ օրը:

Կորոնավիրուսով աշխատակիցների հնարավոր վարակումները կանխելու համար վերոնշյալ ընկերությունը ամեն օր կչափի նրանց մարմնի ջերմաստիճանը և հիվանդության ախտանշաններ ունեցողների համար բնակելի վայրերից հեռու տարածք կհատկացնի:

2019-nCoV համաճարակի դեմ Չինաստանի պայքարի ֆոնին պաշտպանիչ դիմակները մեծ պահանջարկ ունեն բուժաշխատողների, հիվանդությունների վերահսկման անձնակազմի և հասարակության շրջանում:

Կառավարությունը խրախուսում է բժշկական սարքեր արտադրողներին ընդլայնել իրենց արտադրությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել համապատասխան ապրանքների մատակարարման պակասը լրացնելու համար:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին տեղեկությունների համաձայն` նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 72 հազարը: Համաճարակի զոհ է դարձել 1868 մարդ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Վերջին օրերին երկրի տարածքում գրանցվել է վարակման 1886 հաստատված, նոր դեպք: Նրանց մեծ մասը Հուբեյ քաղաքում է: Փետրվարի 17-ին վարակի հետևանքով մահացել է 98 մարդ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս օրերին 1701 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 27 908 պացիենտի մոտ, որոնք վիրուսի հայտնաբերման համար հետազոտվում էին, վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել: