Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում

16:30 • 18.02.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության ծառայության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին անձամբ բերել այն քաղաքական գործիչների տներ, որոնք մարդկանց կոչ են անում թույլ չտալ մարդկանց տեղակայումը առողջարաններում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Ես ուզում եմ դիմել մի քանի քաղաքական կուսակցությունների, որոնք կոչեր են անում մարդկանց: Մենք այս տեղեկատվությունը ստացել ենք իրավապահ մարմինների միջոցով: Դիմում են մարդկանց, տեղի բնակիչներին և հրահրում են փողոցներ փակել: Եթե դուք փողոցներ փակեք, մենք մեր բոլոր քաղաքացիներին կբերենք ձեր առանձնատները»,-ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածել, որ Չինաստանից տարհանվածներին տանում են «մի տեղ, որտեղ ամեն ինչ պատրաստ չէ դրա համար»:

Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ վիրուսային սպառնալիքի հետ կապված իրավիճակը վերահսկվում է:

Ուկրաինայում կարանտինի վայրը գաղտնի են պահում: Նշվում է, որ ծրագրվում է այնտեղ տեղավորել 100 ուկրաինացիների: