Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1011-ի

09:13 • 19.02.20

Կորոնավիրուսի նոր տեսակով վարակման հաստատված դեպքերի թիվն աճում է ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ներկայում Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմում է 1011: Այդ մասին վկայում են South China Morning Post թերթի կայքի հրապարակած տվյալները, գրում է ria.ru-ն:

Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 75 196 դեպք, որից միայն 74 185-ը՝ Չինաստանում:

Վարակակիրների քանակով երկրորդ տեղում է Ճապոնիան (613 դեպք), այդ թվում՝ 542 վարակված Diamond Princess զբոսանավում:  Հաջորդը Սինգապուրն է (81 դեպք), որին հաջորդում են Հոնկոնգը (62), Հարավային Կորեան (46), Թաիլանդը (35), Թայվանը (22), Մալայզիան (22), Գերմանիան (16), Վիետնամը (16), Ավստրալիան (15), ԱՄՆ-ն (15), Ֆրանսիան (11), Մակաոն (10), ևս 15 երկրում գրանցվել է 10-ից պակաս դեպք: Ռուսաստանում հիվանդության ախտորոշման 2 դեպք էր արձանագրվել, սակայն երկուսն էլ արդեն ապաքինվել են:

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2004-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: