Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո սկսել է ափ իջնել

10:10 • 19.02.20

Diamond Princess զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո չորեքշաբթի սկսել է ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստային քաղաքում, հայտնում են «ՏԱՍՍ»-ի թղթակիցները իրադարձության վայրից:

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին խմբում ընդգրկված է մոտ 500 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ըստ հաղորդման՝ ընդհանուր առմամբ, առաջին խմբում գերակշռում են տարեցները: Ափ իջնող առաջին խմբին տեղափոխելու համար հատկացվել է 16 ավտոբուս:

Ճապոնիայի իշխանությունները Յոկոհամա նավահանգստում լրագրողներին տեղավորել են զգալի հեռավորության վրա: Ափ իջնելու պահին ուղևորների հետ շփումն ամբողջությամբ բացառված է եղել:

Հաղորդվում է, որ կարանտինի ռեժիմը շարունակում է գործել. այն կտևի մինչև բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ափ իջեցումը:

«Կարանտինն այժմ գործում է: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նավը կլքեն բոլոր ուղևորներն ու աշխատակիցները»,- նշել է զրուցակիցը:

Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարը հայտարարել էր, որ Diamond Princess-ի ուղևորներն ու աշխատակիցները, որոնց մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել, հնարավորություն կստանան նավը լքել փետրվարի 18-ից հետո: Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև փետրվարի 21-ը: Միևնույն ժամանակ, վարակվածների հետ նավախցերում գտնվող ուղևորները կմնան հսկողության տակ, նույնիսկ եթե նրանց մոտ վիրուս չի հայտնաբերվել:

Նավում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 542 մարդ:
Diamond Princess զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և այնտեղ է վերադարձել փետրվարի 3-ին: