Ավարտվեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ խափանման միջոցի քննությունը. որոշումը կհրապարակվի ավելի ուշ. Արամ Օրբելյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 7:30:
«Ըստ էության որևէ նոր բան չի ներկայացվել. մի քանի նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը: Գտնում ենք, որ հիմնավոր կասկած չկա, չկա թաքնվելու կամ խուսափելու որևէ ռիսկ»,- ասաց նա:
Օրբելյանը ևս մեկ անգամ նշեց, որ ստեղծված իրավիճակը «5-րդ ալիք» ՀԸ-ի գործունեությունը խոչընդոտելու համար է: «Հուսանք, որ այս անգամ դատարանը վեր կգտնվի արգումենտացիայից, կախվածությունից, ներքին ցենզուրայից, արտաքին ճնշումներից: Հույս ունենք, որ Թավադյանի կալանքը չի երկարացվի»:
Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ըստ որի` պահանջում էր երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը։ Ավելի վաղ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել՝ ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին կալանավորվել է Արմեն Թավադյանը:










