ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Լեռնային Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու. «Ամերիկայի Ձայն»

11:59 • 19.02.20

Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաև իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետևելու»,-նշեց կոնգրեսականը։

Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:

Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը. «Շատ կարեւոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:

Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը.

«Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:

Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է. շատ կարևոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված. «Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»:

Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները: