«Երբ չափազանց շատ ես վախենում կորոնավիրուսից». օդանավի ուղևորները, կորոնավիրուսով չվարակվելու համար, ամբողջովին պոլիէթիլենային թաղանթով են պատվել

20:03 • 19.02.20

Ավստրալիական Սիդնեյի քաղաքից Հեմիլթոն կղզի թռչող օդանավի երկու ուղևորները, որպեսզի չվարակվեն Չինաստանում տարածված կորոնավիրուսով ամբողջովին պոլիէթիլենային թաղանթով են պատել իրենց մարմինը, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ականատեսներից մեկը նկարահանել է ամբողջովին պոլիէթիլենային թաղանթով և պաշտպանիչ դիմակներով պատված ուղևորներին և տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերի իր էջում, որը  հազարավոր դիտումներ ու հավանումներ է ստացել: Վերջինս հրապարակմանը կից գրել է. «Այս պահին իմ հետևում… երբ չափազանց շատ ես վախենում կորոնավիրուսից»:

Նշենք, որ Ավստրալիայում հաստատվել է նոր կորանվիրուսով վարակման 15 դեպք: Վարակվածները բոլորն էլ ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել համաճարակի կենտրոն Ուհանի քաղաքացիների հետ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am–ը, կորոնավիրուսի նոր տեսակով վարակման հաստատված դեպքերի թիվն աճում է ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ներկայում Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմում է 1011: Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 75 196 դեպք, որից միայն 74 185-ը՝ Չինաստանում:

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2004-ի: Երկրի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: