Հրվ. Կորեայի նախկին նախագահին 17 տարվա ազատազրկման են դատապարտել կոռուպցիայի համար
Սեուլի գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին մեղավոր է ճանաչել միջոցների յուրացման և խոշոր չափերի կաշառք ստանալու գործով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Երկրի նախկին նախագահի նկատմամբ պատժամիջոց է ընտրվել կալանավորումը` 17 տարի ժամկետով:
Բացի այդ 78-ամյա Լի Մյոն Բակին պարտավորեցրել են շուրջ 15,7 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել: Նա կալանավորվել է հենց դատարանի դահլիճում:
Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էր DAS ավտոմոբիլային մասերի արտադրող կազմակերպության միջոցները յուրացնելու, ինչպես նաև նախագահության ընթացքում Samsung Electronics ընկերությունից կաշառքներ ստանալու համար:
Լի Մյոն Բակը նախկինում էլ պատիժներ է կրել կոռուպցիայի և կաշառակերության համար: Նրան կալանքի տակ էին առել 2018-ի մարտի 22-ին և նույն տարվա հոկտեմբերի 5-ին: Սեուլի գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, բայց 2019-ի մարտին նա գրավի դիմաց բանտից ազատվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով:










