Կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն Ուհանում ևս 12 ժամանակավոր հիվանդանոց է բացվել
Չինաստանի Ուհան քաղաքում շահագործման է հանձնվել ևս 12 ժամանակավոր հիվանդանոց ՝ COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
Մոտակա ժամանակներն իշխանությունները մտադիր են լրացուցիչ դաշտային հոսպիտալներ բացել, այդպիսով հիվանդանոցային մահճակալների թիվը հասցնելով 20,4 հազարի:
Կորոնավիրուսով վարակվածների համար առաջին ժամանակավոր հիվանդանոցը Ուհանում կառուցվել է փետրվարի սկզբին` 10 օրվա ընթացքում: Այժմ քաղաքում մի քանի այդպիսի բժշկական հաստատություններ կան:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










