ԱԺ նախագահի՝ աշխատանքային օրակարգում չընդգրկված հանդիպումները հրապարակման ենթակա չեն. ԱԺ-ն՝ Ա.Միրզոյանի՝ ՍԴ դատավորների հետ հանդիպման մասին

17:17 • 19.02.20

Ազգային ժողովը Արարատ Միրզոյանի՝ ՍԴ դատավորների հետ հանդիպման մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ աշխատանքային օրակարգում չընդգրկված հանդիպումները չի հրապարակում:

Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալն իրավապաշտպան Արսեն Բաբայանի հարցմանն ի պատասխան փետրվարի 10-ին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը պատասխանել է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում նաև ՍԴ դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է: Այս օրերին ևս Արարատ Միրզոյանի և ՍԴ դատավորների (այդ թվում նաև Ֆելիքս Թոխյանի միջև) հանդիպումներ կրկին տեղի ունենում են»:

Դրանից հետո Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ նախագահին՝ հարցնելով, թե իր ո՞ր լիազորության շրջանակում ու ո՞ւմ հետ է հանդիպել Արարատ Միրզոյանը և արդյոք առաջարկե՞լ է ընդունել վաղ կենսաթոշակի մասին օրենքով սահմանված առաջարկները և դրանք ընդունողներ եղե՞լ են, թե՝ ոչ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է. «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ՝ աշխատանքային օրակարգում չընդգրկված հանդիպումները հրապարակման ենթակա չեն»: