Հնդկաստանում աղյուսե պատ են կառուցում աղքատ հետնախորշերը Թրամփի տեսադաշտից հեռացնելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ պատրաստվում է մեկնել Հնդկաստան, որտեղ մեծ թափով նախապատրաստվում են կարևոր այցին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինն ինքնաթիռով վայրէջք կկատարեն Ահմեդաբադում, ինչից հետո օդանավակայանից մեքենայով կուղևորվեն դեռևս կառուցման փուլում գտնվող կրիկետի՝ աշխարհում ամենամեծ «Մոտերա» մարզադաշտ: Այստեղ կկայանա նախագահական զույգի հանդիսավոր ողջյունի արարողությունը:
Օդանավակայանից մինչև մարզադաշտ ճանապարհին եղած հետնախոշերն ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ աչքից հեռու պահելու նպատակով հնդիկները երկար աղյուսե պատ են կառուցում: 500 մ երկարությամբ պատը պետք է ծածկի այն հետնախորշերը, որտեղ ավելի քան երկու հազար մարդ է բնակվում:
Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչ Բիջալ Պատելը մանրամասնել է, որ պատը կառուցվում է անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ոչ թե հետնախորշերը թաքցնելու համար: Այնուհանդերձ՝ շատերի համոզմամբ՝ պատի կառուցման նպատակն աղքատ թաղամասի քողարկումն է:
Ինչ վերաբերում է կայանալիք այցին, ապա Թրամփն ասել է. «Հնդկաստանը մեզ լավ չի վերաբերվում, բայց այնպես է ստացվել, որ ես շատ եմ հավանում այդ երկրի վարչապետին: Նա ինձ ասել է, որ օդանավակայանից մինչև մարզադաշտ ընկած հատվածում յոթ միլիոն մարդ է լինելու: Դա անչափ ոգևորիչ է»:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի՝ Հնդկաստան կատարած այցին ընդառաջ փողոցներից հեռացվել էին բոլոր մուրացիկները:

















