ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ միայն ռեկտոր ընտրելու համար չեն հայտնվել այստեղ, սա խաղուպար չէ. Դավիթ Ափոյան (տեսանյութ)

14:52 • 20.02.20

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի բոյկոտված նիստին: Նա մասնավորապես նշել է, որ երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկանում էին գրանցվել, նկատել են, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն կարևորել գալ նիստին, որից հետո իրենք ևս որոշել են բոյկոտել նիստը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը խիստ աշխատանքային էր՝ հաշվետվություններ, կատարողական հաստատում և այլն։ Երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկանում էինք գրանցվել, նկատեցինք, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն կարևորել գալ նիստին։ Տեսնելով այս իմիջիայլոց վերաբերմունքը՝ որոշեցինք մենք էլ բոյկոտել նիստը։ Արդյունքում նիստը չկայացավ։

Խորհրդում կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ նրանք միայն ռեկտոր ընտրելու համար չեն հայտնվել այստեղ։ Նրանք պարտավոր են մասնակցել այդ թվում խիստ աշխատանքային նիստերին և իրենց փորձն ու գիտելիքները ներդնել ԵՊՀ զարգացման գործում։ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը խաղուպար չէ, մատների արանքով նայելու զբաղմունք չէ։

Բացի դա, օրենքի շրջանառվող նախագծով Հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամների թիվը կտրուկ նվազում է։ Այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը, եթե նախագծի նշված ձևակերպումները կյանքի կոչվեն։ Նրանք, ովքեր ամեն օր ԵՊՀ-ում են, ովքեր ապրում են բուհի առօրյա հոգսով և զբաղված են հանրօգուտ աշխատանքով, զրկվելու են բուհի կառավարմանը արդյունավետ մասնակցելու հնարավորությունից։ Իսկ նրանք, ովքեր հազար ու մի գործ ունեն, ովքեր ԵՊՀ-ի մասին հիշում են միայն ռեկտոր ընտրելիս կամ ստորաբաժանումներ լուծարելիս, ունենալու են վճռական ձայնի իրավունք։

Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ այսօր հրավիրված ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չի եղել: