Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի` կորոնավիրուսով վարակված երկու ուղևոր է մահացել

08:34 • 20.02.20

Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի` կորոնավիրուսով վարակված երկու ուղևոր է մահացել, հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին, գրում է ria.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք գտնվում էին հիվանդանոցում: Զոհերից մեկը մոտ 80 տարեկան տղամարդ է, երկրորդը՝ կին։ Սա զբոսանավի ուղևորների և անձնակազմի շրջանում մահվան առաջին դեպքն է:

Diamond Princess զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո երեկ սկսել էր ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստային քաղաքում:

Զբոսանավում ընդհանուր առմամբ եղել է 3700 մարդ: Կորոնավիրուս է հայտնաբերվել ուղևորներից 621-ի մոտ, ընդ որում՝ 322-ի մոտ առանց ախտանշանների:

Diamond Princess զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և այնտեղ է վերադարձել փետրվարի 3-ին: