Շնչառական վարակներով պայմանավորված՝ թեպետ իրավիճակը կայունանում է, սակայն Երևանի հիվանդանոցները դեռևս գերծանրաբեռնված են

19:59 • 20.02.20

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն, հատկապես, Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: 

Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում, շնչառական վարակներով պայմանավորված՝ բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝  209 երեխա:  

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

·  պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

·  խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

·   եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

·  եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

·  մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

·  հագնվե´ք եղանակին համահունչ,

·  պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

·  օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

·  հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

·  հետևե´ք անձնական հիգիենային։