Առողջապահության նախարարությունը փոխարենը նայի, թե ինչի պակաս ունի Մարալիկի ծննդատունը, փորձում է փակելու հիմնավորում գտնել. Սոֆյա Հովսեփյան

20:22 • 20.02.20

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատան փակման հարցը դեռևս որոշված չէ, բայց այս օրերի ընթացքում ծննդատունն աշխատանքի է ընդունել ևս երկու աշխատակցի՝ մանկաբույժ-նեոնատոլոգների:

Առողջապահության նախարարությունը ժամանակ էր հատկացրել ծննդատանը՝ վերազինվելու, առկա խնդիրները լուծելու համար, ինչի դեպքում թույլ կտար, որ ծննդատունը շարունակեր աշխատել:

Ծննդատունը վերազինելու համար դրամահավաք է կազմակերպվել, և կատարվել են համապատասխան փոփոխությունները: Երեկ՝ փետրվարի 19-ին Առողջապահության աշխատակից է այցելել ծննդատուն՝ ստուգելու համար կատարված փոփոխությունները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ նախարարության ներկայացուցիչը՝ Գայանե Ավագյանը, փորձել է անպայման թերացումներ գտնել, որպեսզի ծննդատունը փակելու որոշում կայացվի:

«Արդեն որերորդ անգամ է՝ ԱՆ աշխատակիցն ասում է, որ միևնույն է՝ պետք է ծննդատունը փակվի: Ես չգիտեմ՝ ինչ հիմքով է իրեն թույլ տալիս նման որոշում կայացնել: Նշել էր, թե վիրահատարանի լամպերից մեկը չի աշխատում, բայց պարզ է, որ դա չնչին խնդիր է: Ասել է՝ սարքերի մի մասը չկա, ես էլ ասացի՝ կան, պարզապես հին են: Նշում է, թե որոշ սարքեր երկրորդ հարկում չկան, մինչդեռ նույն սարքերը կան ծննդատան առաջին հարկում: Փոխանակ նայի՝ ծննդատանն ինչի պակաս կա, և նախարարությունն ինչով կարող է օգտակար լինել, փորձում է փակելու հիմնավորումներ գտնել»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:

Վերջինս ընդգծեց՝ դրամահավաքին մասնակցել են համայնքի բնակիչներ, իր բազմաթիվ ընկերներ, եղել է նաև բարերարի աջակցություն. «Հավաքված ֆոնդից դեռևս 900,000 դրամ մնացել է, այսինքն՝ մնացած փոքր թերացումները շտկելու խնդիր չկա»:

Սոֆյա Հովսեփյանը հայտնեց նաև, որ դիմում է ներկայացրել, որ իրեն փոխանցեն կազմված արձանագրությունը. այժմ սպասում է պատասխանի:

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Անուշիկ Հովսեփյանը նշեց, որ այս ընթացքում փորձել են հնարավորինս ամեն ինչ անել՝ ծննդատունը նորացնելու համար: Այն տեղափոխել են շենքի այլ հատված, տեղադրել դրամահավաքի արդյունքում ստացած սարքավորումները:

«Մենք այժմ ունենք ամենը, ինչ օրենքով պահանջվում է ծննդօգնության համար՝  կենտրոնացված թթվածնային համակարգ, նախածնարան, ծնարան, ընդունարան, տաք և սառը ջուր, գործող սանհանգույցներ: Ես չեմ ասում՝ ամեն ինչ իդեալական է. եղել են մանր-մունր բաներ, որոնք չկային ստուգման ընթացքում, բայց լուծելի են եղել»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ թեև Մարալիկը ևս քաղաք է, բայց սխալ է Մարալիկն ու Երևանը նույն հարթության վրա դիտարկելը։

Նորանշանակ տնօրենի ԺՊ-ն հայտնեց նաև, որ իր աշխատանքի 10 օրերի ընթացքում ծննդատուն է հրավիրել ևս երկու աշխատակցի. «Երկու մանկաբույժ-նեոնատոլոգ եմ հրավիրել: Այդ մասնագետների քանակը քիչ է, բայց մեզ հաջողվել է նրանց հետ պայմանագիր կնքել, պատրաստակամ են աշխատել մեզ մոտ, եթե, իհարկե, ծննդատունը չփակվի»,- ասաց նա՝ նշելով, որ անձնակազմի 17 անդամներն էլ շարունակում են հուսալ, որ չեն կորցնի աշխատանքը:

Բժշկի խոսքով՝ ԱՆ փոխնախարարը շաբաթ օրը պատասխանելու է, թե արձանագրությունն ուսումնասիրելուց հետո ինչ որոշում է կայացվել:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Եղվարդի ծննդատան փակվելու համար բողոքի ակցիա էին իրականացրել, ինչի արդյունքում ծննդատունը կշարունակի գործել: Մարալիկում ևս ծննդատան փակման համար բողոքի ակցիաներ տեղի ունեցան, սակայն դեռևս հստակ որոշում չկա: