Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը և տեղադրվել է հուշաքար՝ ի հիշատակ հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի

18:08 • 20.02.20

Պետական ծրագրով ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ, կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը և  տեղադրվել է հուշաքար՝ նվիրված 2019թ. հոկտեմբերի 25-ին հրդեհի հետևանքով զոհված Գուգարքի հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալը և պաշտոնատար այլ անձինք:

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել էր Արիության մեդալով: