Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով ոսկու գինը բարձրացել է՝ հասնելով վերջին 7 տարվա առավելագույնին

00:41 • 20.02.20

Ոսկու գինը այժմ 1 տրոյական ունցիայի դիմաց գերազանցում է 1600 դոլարը՝ այսպիսով հասնելով 2013-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշին: Այս մասին են վկայում առևտրային բորսաներում գրանցված տվյալները, գրում է Life.ru-ն:

Մոսկովյան ժամանակով 12:52-ին (երևանյան ժամանակով՝ 13:52), ոսկու ապրիլյան ֆյուչերսները նյույուրքյան Comex բորսայում թանկացել է 0.48 տոկոսով և կազմել ունցիայի դիմաց 1611.30 դոլար:

Ընդ որում, պալադիումը մատակարարման կայուն դեֆիցիտի ֆոնին վաճառվում է ռեկորդային բարձր գնով: Արծաթի մարտյան պայմանագրերը թանկացել են 0.6 տոկոսով, և մետաղի գինը կազմել է ունցիայի դիմաց 18.26 դոլար:

Թանկարժեք մետաղների թանկացումը պայմանավորված է ներդրողների այն մտահոգությամբ, թե նոր տեսակի կորոնավիրուսն էականորեն կնպաստի համաշխարհային տնտեսության անկմանը: