Մելանյա Թրամփն ամուսնու թվիթերյան գրառումներից հետո խոսել է «առողջ առցանց վարքագծի» ուսուցանման անհրաժեշտության մասին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը զգուշացրել է սոցցանցերի վտանգի մասին և խոսել է «առողջ առցանց վարքագծի» ուսուցանման անհրաժեշտության մասին, հայտնում է Daily Mail պարբերականը:
Մելանյա Թրամփը չորեքշաբթի Փալմ Բիչ Ատլանտիկ համալսարանում հանդես է եկել ելույթով, որից հետո ուսումնական հաստատության ղեկավարի կողմից իր Be Best արշավի համար մրցանակի է արժանացել:
«Տեխնոլոգիան և՛ դրական, և՛ բացասական առումով մեր երեխաների առօրյայի մի մասն է դարձել: Մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ թվիթերյան գրառումների և հավանումների քանակով մարդիկ իրենց ինքնագնահատականն են սահմանում»,- նշել է առաջին տիկինը:
«Ես վստահ եմ, որ հիմա ավելի քան երբևէ առողջ առցանց վարքագծի ուսուցանումը կարևոր է մեր երեխաների համար ավելի ապահով ապագա ապահովելու համար»,- հավելել է նա:
Նշվում է, որ առաջին տիկնոջ` վտանգի մասին զգուշացումներն արվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մի ամբողջ առավոտ է Twitter սոցիալական կայքում անցկացրել` նախագահական ընտրությունների մասին գրառումներ անելով և առցանց «հարձակում» գործելով իր հիմնական մրցակից համարվող դեմոկրատ Մայքլ Բլումբերգի նկատմամբ:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ Մելանյա Թրամփը նշել էր, որ նա Թրամփի` համացանցում հրապարակած ոչ բոլոր գրառումների հետ է համաձայն, սակայն հարգում է նրա կարծիքը:












