Թուրքիայում հետաքննություն կսկսվի Օսման Քավալային արդարացրած դատավորների նկատմամբ

15:59 • 20.02.20

Թուրքիայում հետաքննություն կսկսվի Գեզի զբոսայգու գործով մեղադրյալների` այդ թվում թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացման որոշում կայացրած դատավորների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի Դատավորների և դատախազների խորհուրդը հավանություն է տվել Գեզի զբոսայգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների գործերով դատարանի նախագահ Գալիփ Մեհմեդ Փերքի, դատարանի անդամներ Ահմեթ Չիֆթչիօղլուի և Թալիփ Էրգենի նկատմամբ հետաքննություն սկսելուն:  

Թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը փետրվարի 18-ին արդարացվել էր 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մեղադրանքով, ժամեր անց կրկին ձերբակալվել է:

Թուրքիայի դատախազությունը վերսկսել է Քավալայի նկատմամբ հետաքննությունը` այս անգամ 2016 թվականի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Քավալային մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Քավալան հիմնադրել ու ղեկավարել է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակման ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: