Իսպանիայում կանխել են Եվրոպայում առաջին ընդհատակյա ծխախոտային գործարանի գործունեությունը
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կանխել է Եվրոպայում առաջին ընդհատակյա գործարանում ծխախոտային արտադրանք արտադրող հանցավոր խմբի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Երկրի հարավային Մալագա շրջանում անցկացված «Հանիբալ» գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են կատարել 13 տներում և ձերբակալել են 20 մարդու, առգրավվել է 153 000 տուփ պատրաստի ծխախոտային արտադրանք, ավելի քան 17 տոննա ծխախոտ, 20 կիլոգրամ հաշիշ և 144 կիլոգրամ մարիխուանա: Նշվում է, որ հանցավոր խմբի ենթադրյալ անդամները Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և Ուկրաինայի քաղաքացիներ են:
Գործողության ընթացքում հայտնաբերվել է նաև Եվրոպայում առաջին ստորգետնյա ապօրինի գործարանը, որը տեղակայված էր չորս մետր խորության վրա և ուներ կայուն արտադրություն, ինչը հնարավորություն էր տալիս ժամում 3500 ծխախոտ արտադրել:
Գործարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սենյակում փակված և արտաքին աշխարհից կտրված 6 մարդ` թթվածնի խիստ պակասով: Նրանք բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են:










