Կփորձեմ այս տարի դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն. մինչև 2050թ. 25 օլիմպիական ոսկիներից մի քանիսը, որ իմը լինեն, շատ լավ կլինի. Արթուր Ալեքսանյան (տեսանյութ)

15:35 • 21.02.20

Կփորձեմ, ինձնից ինչ կախված է կանեմ, որպեսզի այս տարի դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«2-րդ օլիմպիական ոսկին նվաճելու հարցում ինձ մոտիվացնում է ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր ինձ դրսում տեսնում են, մոտենում են ու շնորհավորում, հենց դրանով էլ ես մոտիվացվում եմ»,- ասաց ըմբշամարտիկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրման արարողության իր ելույթում հայտարարեց Հայաստանի սպորտային նպատակների մասին է, այն է՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 ոսկե մեդալ պետք է նվաճել: Արթուր Ալեքսանյանը դժվարացավ ասել, թե մինչև 2050թ. քանի օլիմպիական չեմպիոն կունենա Հայաստանը, բայց վստահ է, որ շատ չեմպիոններ կլինեն:

«Մենք զգում ենք ՀՀ կառավարության, Օլիմպիական կոմիտեի ուշադրությունը: Իմ կարծիքով՝ ամենակարևորը պետք է քրտնաջան աշխատել, մարզիկներն իրենց առջև դնեն նպատակ, հասնեն այդ նպատակին և մենք կունենանք լավ արդյունքներ: Այդ 25-ից մի քանի ոսկին, որ իմը լինի, շատ լավ կլինի»,- նշեց Արթուր Ալեքսանյանը:

Օրերս Եվրոպայի առաջնությունում նվաճած 5-րդ ոսկին Արթուր Ալեքսանյանը նվիրել էր մեկնաբան Կարեն Գիլոյանին: Այսօր հարցին, թե չեք ափսոսում, որ նվիրել եք Ձեր նվաճած ոսկե մեդալը, ըմբշամարտիկը պատասխանեց. «Չեմ ափսոսում, խոստացել էի, որ 5-րդ ոսկին Կարեն Գիլոյանին պետք է տամ, նվաճեցի և տվեցի: Ինձ մոտ է, թե Գիլոյանի մոտ է, կարևոր չէ, կարևորը այդ ոսկին Հայաստանում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: