Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսի ապրիլից ոչ շուտ
Չինացի գիտնականները կկարողանան նոր տեսակի կորոնավիրուսի դեմ կլինիկական փորձարկումների համար պատվաստանյութ պատրաստել ապրիլի վերջից ոչ շուտ: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի գիտության և տեխնիկայի փոխնախարար Սյու Նանպինը, գրում է tass.ru-ն:
«Ինչ վերաբերում է պատվաստանյութի մշակմանը, համալիր հետազոտությունների և նախնական կանխատեսումների համաձայն` պատվաստանյութը կլինիկական փորձարկումների կներկայացվի ապրիլի վերջին տասնօրյակից ոչ շուտ»,- նշել է նա:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի:










