Լավագույն մարզիկների մրցույթի անցկացման մոդելի փոփոխություն կլինի մինչև տարեվերջ. sms քվեարկության կարգի հետ կապված դիտողությունները հաշվի կառնվեն. Արայիկ Հարությունյան

17:06 • 21.02.20

Լավագույն մարզիկների մրցույթի անցկացման մոդելի փոփոխություն կլինի մինչև տարեվերջ: Հաշվի են առնվելու բոլոր դիտողությունները, մասնավորապես, sms քվեարկության կարգի հետ կապված: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հարցը կդնենք հանրային քննարկման, մոդելը միասին կքննարկենք: Բնականաբար, այն դիտողությունները, որոնք նախորդ տարիներին եղել են, հաշվի պետք է առնենք, մասնավորապես, sms քվեարկության հետ կապված կարգը: Միասին կքննարկենք և մինչև տարեվերջ կորոշենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ մրցույթի անցկացման ներկայիս կարգի համաձայն՝ տարվա 10 լավագույն մարզիկ են ընտրում ֆեդերացիաների ներկայացուցիչները, լրագրողները և քաղաքացիները, միավորները բաժանված է 1/3-ով։ Կառավարության որոշմամբ 2019թ. 10 լավագույն մարզիկներին տրամադրվեց 5-ական մլն դրամ:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է գնահատի այն ջանքերը, որ հայ մարզիկները, մարզիչները ներդնում են սպորտը զարգացնելու, պարգևներ բերելու համար և երկրորդ՝ պետք է զարգացնի ենթակառուցվածքները:

«Բացի ենթակառուցվածքներից, որակավորումների խնդիր ենք տեսնում, որակյալ մարզիչների խնդիր ենք տեսնում: Բնականաբար, լավ մարզադպրոցների, մարզագույքի կարիք ենք տեսնում, այս ուղղություններով աշխատանքներ տարվում են: Եթե մենք ունենանք բարելավում, ապա վարչապետի սահմանած մինչև 2050թ. օլիմպիական 25 ոսկե մեդալի նիշը պետք է ավելի մեծացնենք, որովհետև իրականում մեր մարզիկներն ունակ են մեծ բարձունքների հասնելու»,- ասաց նախարարը:

Հարցին, թե կալանավորված Գևորգ Լոռեցյանի փոխարեն ե՞րբ կնշանակվի ԿԳՄՍ նախարարության սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այժմ փոխնախարար Գրիշա Թամրազյանը համակարգում է երկու ոլորտ, նշանակումների արդյունքում կունենանք նաև սպորտի ոլորտը համակարգող, գուցե նաև ձեզ ծանոթ անուն լինի նախարարության ներսից»: