Քոբի Բրայանտի երկրպագուները սխալմամբ այլ մարդու գերեզմանին են ծաղիկներ դնում, ինչը հանգեցրել է վիճաբանության
Հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հանկարծահաս մահից հետո, Կալիֆոռնիայում Pacific View հուշահամալիրը «հեղեղվում» է հայտնի բասկետբոլիստի երկրպագուներով, որոնք ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել մարզիկին և ծաղիկներ դնել նրա գերեզմանին, սակայն հուշահամալիրից հաղորդագրություն է տարածվել առ այն, որ երկրպագուները սխալմամբ այլ մարդու գերեզմանին են ծաղիկներ դնում, գրում է The Independent-ը:
«Մենք կարող ենք հաստատել, որ դա Քոբիի և Ջիանայի գերեզմանը չէ: Չենք կարող լրացուցիչ տեղեկություններ հրապարակել դրանց գտնվելու ճշգրիտ վայրի վերաբերյալ, բայց կարող ենք հաստատել, որ երկրպագուները սխալ վայրում են ծաղիկներ դնում»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ երկրպագուների մոտ շփոթություն կարող էին առաջացնել Daily Mail պարբերականի՝ բասկետբոլիստի ենթադրյալ գերեզմանի լուսանկարները, որոնցում գերեզմանը պատված է եղել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբին համապատասխանող մանուշակագույն և ոսկեգույն ծաղիկներով:
Հուշահամալիրի աշխատակիցները դա պատահականություն են համարել և հայտնել, որ Բրայանտին թյուրիմացաբար վերագրված գերեզմանը փորվել էր դեռևս նոյեմբերին։ Հաղորդվում է նաև, որ նույնիսկ վիճաբանություն է տեղի ունեցել բասկետբոլիստի երկրպագուների և հանգուցյալի հարազատների միջև:
Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին:
Հաղորդվում է, որ բասկետբոլիստի պատվին հուշարձան կտեղադրվի, որպեսզի ցանկացողները գան ու հարգեն խաղացողի հիշատակը:
Բրայանտը, իր 13-ամյա դուստր Ջիանա Մարիա-Օնորեն և ևս 6 մարդ մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով:
Բասկետբոլիստը 42 տարեկան էր: Բրայանտը 20 մրցաշրջան է անցկացրել NBA-ում` մշտապես հանդես գալով «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, երկու անգամ` օլիմպիական չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 թվականին:










